Ճամբար-2016

2016 թ.-ի օգոստոսի 8-ից 12-ը տեղի է ունեցել «Ֆիզիկան ու Մենք. բացահայտելով օպտիկան» գիտական ճամբարը, որին մասնակցել են բարձր դասարանների շուրջ 40 աշակերտներ և 1-3-րդ կուրսի ուսանողներ:

Խմբային լուսանկար

Ճամբարի մասնակիցները և կազմակերպիչները

Ճամբարի ընթացքում տեղի ունեցած դասախոսությունները շեշտադրված էին ֆիզիկայի տարբեր ճյուղերի և դրանց կիրառությունների վրա: Աշակերտները հնարավորություն ստացան մասնակցել տեսական և փորձարարական աշխատանքների, որոնք վարեցին փորձառու ֆիզիկոսները և երիտասարդ մասնագետները։

Գործնական մասում մասնակիցները բաժանվեցին խմբերի և ուսումնասիրեցին ռոբոտաշինություն, հրթիռաշինություն, ծրագրավորման լեզուներ, ծրագրային փաթեթներ և գործիքներ, որոնք կարող են օգտակար լինել ֆիզիկայով զբաղվելիս։

«Ֆիզիկան ու Մենք» ճամբարին մասնակցությունն անվճար էր։ Ճամբարի մասնակիցների տեղափոխությունը Երևանից ճամբարի անցկացման վայր՝ ԵՊՀ Բյուրականի հանգստյան տուն և հակառակը հոգացին կազմակերպիչները։

Գիտական ճամբարը կազմակերպվել է OSA (The Optical Society) կազմակերպության ԵՊՀ և ԳԱԱ ուսանողական մասնաճյուղի կողմից՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ (Ուսանողական գիտական ընկերության) և SPIE (The International Society for Optics and Photonics) կազմակերպության ԵՊՀ և ԳԱԱ մասնաճյուղերի հետ համատեղ: Ճամբարը նվիրված է OSA կազմակերպության 100-ամյակին և համարվում է հարյուրամյակի շրջանակում իրականացվող միջոցառում: Այդ իսկ պատճառով ճամբարը կրում է «Բացահայտելով օպտիկան» խորագիրը: