Օգոստոսի 8, oր 1-ին

«Ֆիզիկան ու Մենք. բացահայտելով օպտիկան» ճամբարը մեկնարկեց օգոստոսի 8-ին: Մասնակիցները ԵՊՀ գլխավոր մասնաշենքից ուղևորվեցին դեպի ճամբարի անց կացման վայր՝ ԵՊՀ Բյուրականի հանգստյան տուն: Ճամբարին գրանցվել էին ավելին քան 200 ուսանողներ և աշակերտներ, սակայն ճամբարին մասնակցելու համար ընտրվել էին 40-ը:

Ճանապարհ դեպի Բյուրական

Ճամբարի առաջին օրը նախատեսված էին դասախոսություններ ֆիզիկայի տարբեր բաժիններից և կիրառություններից տարբեր բնագավառներում: Առաջինը դասախոսությամբ հանդես եկավ Հայկ Սարգսյանը ով հանդիսանում է Հայ-ռուսական համալսարանի ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի վարիչը: Նա ներկայացրեց «Քվանտային մեխանիկայի կարևորագույն գաղափարներ» վերնագրով դասախոսություն նվիրված քվանտային մեխանիկայի հիմնադրույթներին, կատարեց պատմական ակնարկ զարգացման և կիրառությունների մասին:

Այնուհետև Տրենտոյի համալսարանի ասպիրանտ Տաթևիկ Չալյանը ներկայացրեց «Երկրաչափական օպտիկա: Լազեր: Լուսատար» թեմայով ինտերակտիվ դասախոսություն, որի ընթացքում մասնակիցներին ցուցադրվեցին լազերներ, լուսատարեր, պատմվեցին դրանց աշխատանքների սկզբունքները: Զեկուցմանը հաջորդեց «Լազերների և օպտիկայի ռազմական կիրառությունները» թեմայով դասախոսությունը, որը վարեց LT-PYRKAL հայ-հունական գիտահետազոտական և արդյունաբերական ինստիտուտի տնօրեն Գագիկ Բունիաթյանը: Մասնակիցները տեղեկացան գիշերային տեսանելիության սարքերի, հեռաչափերի և այլ օպտիկական սարքավորումների աշխատանքի սկզբունքից, ինչպես նաև իրենց հուզող հարցերը հղեցին զեկուցողին:

Ընդմիջումից հետո ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Սմբատ Գոգյանը հանդես եկավ զեկուցմամբ «GPS համակարգի աշխատանքի սկզբունքներն ու խնդիրները» թեմայով: Ճամբարի մասնակիցներին ներկայացվեց GPS կապի համար անհրաժեշտ արբանյակների տեղաբաշխման, սարքավորումների տեղորոշման և խնդրի օպտիմիզացիայի խնդիրները և դրանց ժամանակակից լուծումները:

Դասախոսությունները եզրափակեց ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի գիտաշխատող Տիգրան Դադալյանը «Հեղուկ բյուրեղների որոշ կիրառություններ» թեմայով դասախոսությամբ: Ճամբարի մասնակիցներին ներկայացվեց հեղուկ բյուրեղների հատկությունները և այդ հատկությունների կիրառությունները ամենատարբեր բնագավառներում:

Երեկոյան ճամբարականները մասնակցեցին տարբեր սպորտային և զվարճալի խաղերի: Խաղերը ամենատարբեր էին՝ վոլեյբոլից և ֆրիսբի, խճճված կծիկ, մաֆիա: Օրվա որոշ հիշարժան կադրեր ներկայացված են ստորև:

Arrow
Arrow
Ճանապարհ դեպի Բյուրական
ArrowArrow
Slider