Օգոստոսի 9, oր 2-րդ

Ճամբարի 2-րդ օրը նույնպես հագեցած էր դասախոսություններով: Ճամբարի մասնակիցները բացի դասախոսություններից մասնակցում էին տարբեր սպորտային և ժամանցային խաղերի, որոշները ամռան տապից զովանում էին լողավազանում: Երեկոյան ճամբարում կազմակերպվեց աստղադիտում սիրողական աստղադիտակներով:

Դասախոսության ժամանակ

Առաջինը դասախոսությամբ հանդես եկավ Աշխեն Առաքելյանը, ով ներկայացրեց բջջային կապում օգտագործվող տեխնիկայի, սարքավորումների աշխատանքի սկզբունքի և հեռահաղորդակցության տարբեր մեթոդների մասին «Բջջային կապի հիմունքները։ GSM ստանդարտ» թեմայով զեկուցումը: 

Այնուհետև ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Սմբատ Գոգյանը դասախոսություն վարեց «Մաթեմատիկայի զարգացումը ֆիզիկայի պահանջով» թեմայով, որի ժամանակ ներկայացրեց պատմական ակնարկ մաթեմատիկայի զարգացման փուլերի, մաթեմատիկական տարբեր կոնցեպտների և դրանց կիրառությունների մասին տարբեր ոլորտներում:

Օրվա երկրորդ կեսը սկսեց Քեմբրիջի համալսարանի ասպիրանտ Վահե Ճիտոյանը, ով «Մագնիսականությունից դեպի սպինտրոնիկա» թեմայով դասընթաց վարեց: Ներկաները ծանոթացան մագնիսականության հիմունքների և պատմության, ինչպես նաև հայտնի կիրառությունների հետ: Այնուհետև մասնակիցներին ներկայացվեց արագ զարգացող սպինտրոնիկայի հիմունքները, ինչպես նաև կիրառությունները տարբեր սարքավորումներում:

Այնուհետև ԵՊՀ գիտաշխատող Արթուր Կիրակոսյանը ներկայացրեց  «Ծանոթություն հոլոգրաֆիայի հիմունքների հետ» թեմայով զեկուցում, որի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց հոլոգրաֆիայի հիմունքները, պատմական ակնարկ ու որոշ կիրառությունները: Դասախոսության ավարտին տեղի ունեցավ տարբեր տիպերի հոլոգրաֆիաների ցուցադրություն, ամրապնդելով մասնակիցների ստացած գիտելիքները և պատկերացումները:

Դասախոսությունների օրվա ավարտին Հայ-ռուսական համալսարանի դասախոս Դավիթ Հայրապետյանը ներկայացրեց «Ի՞նչ է նանոն»  թեմայով դասախոսություն, խոսելով նանոչափերի, այդ չափերի մասնիկների հատկությունների, առանձնահատկությունների և կիրառությունների մասին: Այնուհետև տեղի ունեցավ ինտերակտիվ դասընթաց՝ «Վոլֆրամ լեզվի կիրառությունը ֆիզիկայում» թեմայով, որը նույնպես վարեց Դավիթ Հայրապետյանը: Մասնակիցները անձամբ տեսան «Վոլֆրամ» լեզվի հնարավորությունները և կիրառությունները տարբեր խնդիրներ լուծելիս՝ այդ թվում ֆիզիկայի խնդիրներներ մոդելավորելիս:

Երկար, դասախոսություններով և դասընթացներով լեցուն օրվա ավարտին ճամբարի մասնակիցները և կազմակերպիչները աստղադիտում կատարեցին: Դիտեցին լուսինը, մարսը, երկնքի մի շարք նշանավոր օբյեկտներ և միգամածություններ: Օրվա մի շարք հիշարժան իրադարձություններ ամփոփված են ստորև ներկայացված ֆոտոշարում:

Arrow
Arrow
Աշխեն Առաքելյան
ArrowArrow
Slider