Օգոստոսի 11, օր 4-րդ

4-րդ ճամբարային օրը նախատեսված էր Բյուրականի աստղադիտարան այցելություն, էքսկուրսիա և դասախոսություններ աստղադիտարանի աշխատողների կողմից, այնուհետև մասնակիցները պիտի խմբային աշխատանքները շարունակեին: Իսկ օրվա վերջում սպասվում էր OSA-100 տոնակատարություն և խարույկ:
Բյուրականի աստղադիտարանում


Առավոտյան նախաճաշից հետո մասնակիցները ուղևորվեցին Բյուրականի աստղադիտարան, որտեղ նախ այցելեցի Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան, այնուհետև 2.6 մետր հայելու տրամագծով աստղադիտակ, որն ամենամեծն է տարածաշրջանում: Էքսկուրսիայի ամբողջ ընթացքում ճամբարի մասնակիցներին Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող Աբրահամ Մահտեսյանը պատմում էր աստղագիտության ժամանակակից խնդիրների, դրանց հնարավոր լուծումների և հեռանկարների մասին:

Այնուհետև մասնակիցներին հյուրընկալեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը, ով պատմեց երկնային օբյեկտների ուսումնասիրության մեթոդների, Բյուրականի աստղադիտարանի գործունեության, գիտական հետաքրքրությունների մասին: Նրան հաջորդեց աստղադիտարանի գիտական գծով փոխտնօրեն Տիգրան Մաղաքյանը, ով մի փոքր պատմական ներածություն կատարեց Վիկտոր Համբարձումյանի և Բյուրականի աստղադիտարանի մասին: Դասախոսությունները եզրափակեց Ռուբեն Անդրեասյանը՝ պատմելով ռադիոաստղագիտության սկզբունքների, կիրառելիության սահմանների և ուսումնասիրության օբյեկտների մասին:

Դասախոսություններից հետո ճամբարականները վերադարձան ԵՊՀ հասնգստյան տուն, որտեղ մի փոքր հանգստից հետո անցան խմբային աշխատանքներին: Անհրաժեշտ էր մինչև հաջորդ օրը՝ փակման արարողությունը, ավարտել և ներկայանալի դարձնել նախագծերը:

Երեկոյան հանգստի ժամին ճամբարականները մասնակցեցին հավկիթների նետման մրցույթին: Նրանք բաժանվեցին 8 խմբի պատահականության սկզբունքով: Խմբերի առաջադրանքը մեկն էր՝ նրանց տրված պարզագույն առարկաներով կառուցել համակարգ, որը ունակ լինի պաշտպանել հավկիթը 2-րդ հարկից նետելու ժամանակ այնպես, որ այն չկոտրվի: Մասնակից 8 թիմերից միայն 3-ը հաջողությամբ կատարեցին առաջադրանքը, սակայն խաղը զվարճալի էր բոլորի համար, անգամ ԵՊՀ հանգստյան տան այլ հանգստացողներ էին զարմանքով դիտում «արարողությունը»:

Ճաշից հետո տեղի ունեցավ OSA կազմակերպության 100-ամյակի տոնակատարությունը: Կազմակերպիչները այդ առիթով հատուկ տորթ էին պատվիրել, որը համտեսելուց հետո մասնակիցները վառեցին ճամբարի խարույկը: Հավաքվածները խարույկի շուրջը երգում էին, խոսում տիեզերքի սահմանների, ֆիզիկայի ու բնության մասին, աստղադիտում անում ու զմայլվում պերսեիդների ասուպային հոսքով, որն այդ օրերին դիտվում էր առավելագույն չափով: Մի փոքր հատված ճամբարային խարույկից ներկայացված է հաջորդ տեսանյութում:

Arrow
Arrow
Այցելություն Բյուրականի աստղադիտարան
ArrowArrow
Slider